Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Մեր իրական անունը խաչմերուկ է, ծնունդն ու կյանքը քառատող աշխարհագրություն»

«Մեր իրական անունը  խաչմերուկ է, ծնունդն ու կյանքը քառատող աշխարհագրություն»
18.10.2013 | 11:43

«Իրատես de facto»-ի հյուրն է բանաստեղծ ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ:

«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇԿ Է, ՈՐ ԿՐՈՒՄ ԵՍ ԳԱՐՈՒՆ ԱՌ ԳԱՐՈՒՆ»
-Պարոն Հովեյան, Ձեր պոեզիան ոչ թե սոսկ անցյալի, այլ մոռացված, անհայտ քաղաքակրթությունների շերտերից է քաղում իր ասելիքի նյութը: Սա այսօրյա իրականությունից պատսպարվելու այլընտրա՞նք է:
-Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի, այսօր արդեն հաճախակի «Կուր-Արաքսյան» վերտառվող քաղաքակրթությունն էլ է աշխարհին դեռ անհայտ: Անհայտ լինելը, ասես, կնքադրոշմն է մեր ճակատագրի, օրընթացի, անհայտ լինելն ու մնալը պարտադիր են հայի համար, հանկարծ թե աշխարհը չնեղանա մեզնից ու չվիրավորվի, թե դուք էդ ո՞վ եղաք, որ Շումերից առաջ կավե տախտակին հանձնեցիք ձեր թեոսոփիզմը, գաղափարագիրը, տիեզերաընկալումն ու երաժշտական ակունքի բարեբանումը: Իրականությունից պատսպարվելու խնդիր չունեմ, իրականությունը մաշկ է, որ կրում ես գարուն առ գարուն և հուսո ծառաբնին փաթաթվելով` փոխում` սպասելով այս անգամ արդեն հուսո անտառի ճշմարտաերանգ երևակմանը:

«ՍԻՐԻԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ, ՈՐ ԸՆԴՈՒՆԵՑ ՈՒ ՋԵՐՄԱՑՐԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԱԾ, ՀԱԼԱԾՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ»
-Յուրաքանչյուր քաղաքակրթության անկում կամ ծնունդ ուղղակի առնչություն ունի քաղաքականության հետ: Հալեպին նվիրված Ձեր բանաստեղծաշարում իբրև քաղաքակրթությունների խաչմերուկ հառնող Հալեպն այսօր մեծ քաղաքականության խաչմերուկի է վերածվել: Եվ կրկին քաղաքական խաղերին զոհ պիտի գնա մի հերթական մշակույթ-քաղաքակրթություն, որն ուղղակիորեն է առնչվում հայ ժողովրդի անցյալի ու ներկայի հետ: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:
-Ասորաբաբելական տարածքը աչքի փուշ է հինգ, վեց հարյուր տարվա էկլեկտիկ դեմոգրաֆիական ծնունդ ու սկիզբ ունեցող այն երկրի համար, որը թերևս առաջինն էր, որ սկիզբ դրեց ցեղասպանության: Աշխարհատիրական մենաշնորհի բարդույթով տառապող երկիրն իր ռացիոնը միայն նավթի տեսքով ու բույրով է պատկերացնում, և էլի ուրիշ` շատերիս անհաս պատճառներ կան։
Հալեպում, Ալ Մադինե միջնադարյան շուկայի հարևանությամբ ¥և կամ` հակառակը¤ վեր է խոյանում Տիգրան Աշխարհակալի բերդը: Սիրիան առաջին պետությունն էր, որ ընդունեց ու ջերմացրեց ցեղասպանությունից փրկված, հալածված հայերին: Ռումբը կարծես իմ մեջ է պայթում, երբ տեղեկանում եմ էդ ամենի մասին: Ընկերներիցս շատերը դեռ Հալեպում են, չեն եկել Հայաստան, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, արվեստաբաններ են: Զանգահարում ենք միմյանց, կապը խզված չէ։

«ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼ, ՈՐՈՆՔ ՆՎԻՐՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
-«Մեր գետերը ծով չդառան» վերնագրով մի բանաստեղծություն ունեք, ուր մեր ազգի ոդիսականն ուղղակիորեն դիտարկում եք սիզիփոսյան տառապանքի համատեքստում: Սա մեր ազգին ի վերուստ վիճակված ճակատագի՞ր եք համարում, թե՞ մեր սխալներում համառելու հետևանք:
-Երբեմն ինձ թվում է, որ իրապես անիծյալ տեսակ ենք. թե ի՞նչ ենք արել, ո՞ւմ ենք վնասել: Չէ՛, չենք վնասել, խանգարել ենք, որովհետև մեր իրական անունը խաչմերուկ է, ծնունդն ու կյանքը քառատող աշխարհագրություն, որը ոչ փոխատեղման է ենթակա և ոչ էլ բարեշրջման: Մնում է, որ ուրիշին ճանաչելու, գնահատելու բանաձևը գտնենք, ու նաև` տարօրինակ թվացող կամքի մի ուժ, որ կարողանանք հուշարձաններ կառուցել, որ նվիրված կլինեն մեր պարտություններին:

«ՏԱՏԻՍ ԱՉՔԵՐԻ ԴԵՌ ՉԸՆԹԵՐՑԱԾՍ ԷՋԵՐԸ»
-Վանքն իմ տատն է` շալը մեջքին,
Վանքը` մենակ երկնքի տակ,
Տրված զանգի աղոթք-երգին,
Տատս` կորած պախրայի ձագ:
Վանքն իմ տատն է` շալը մեջքին,
Գնամ, ծնկեմ կամարի տակ:
Այս տատից սերող, «ուրարտական անձրևների» մեղեդուն ունկնդիր, «կավե հիշողությամբ» թաթախուն տեսակը ինչպե՞ս է ինքն իրեն սինթեզում ջազի հնչյուններում (հայտնի է, որ ջազի սիրահար եք):
-Ջազի պատահական սիրահար չեմ, ջատագով եմ` ջազային արվեստի նվիրյալ։
-Խոստովանեմ, որ, անկախ Ձեր տված պատասխանից, ես ունեի իմ այս հարցի պատասխանը` պահված «ՈՒրարտական անձրևներ» ժողովածուի «Արձանագրություն ծխամատյանից կամ հոնի մուրաբա» բանաստեղծության տողերում.
«Տատս` պղպեղները չորացնելուն
զուգընթաց,
«Բիթլզ» քառյակի երգն էր դնդնում
Եվ Էրզրումի Շատրվան գյուղի
Բարբառը մեխում իմ հիպիական
Սանրվածքի մեջ…»։
Սա «իրապատո՞ւմ հեքիաթ» է:
-Ինձ հարց էին ուղղել. «Եթե հանկարծ տեղափոխվեիք այլ մոլորակ, ի՞նչ և ո՞ւմ հեղինակած գրքերը կվերցնեիք Ձեզ հետ»: Ի շարս թվարկածս գրքերի` ասել էի. «Տատիս աչքերի դեռ չընթերցածս էջերը»։

«Ո՛Չ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԻՄԱՐԱՎՈՒՆ ՃԱՌԱԳԱՅԹԸ, Ո՛Չ ՀՈՐԴՈՐԸ ԵՎ Ո՛Չ ԷԼ ԳՐՔԵՐԻՑ «ԿԱՀՈՒՅՔ» ՁԵՎԱԿԵՐՊԵԼԸ ԴԵՌ ՍԵՐՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ»
-Երևանը զարդարվել է ժամանակակից և դասական գրողների լուսանկարները ցուցանող վահանակներով, որոնց վրա կանաչ մեծ տառերով գրված է. «Գիրք կարդալը նորաձև է»: Սա վա՞տ նորաձևություն է: Չի՞ կարող այս նորաձևությունից, ի վերջո, վերածնվել կարդալու ավանդույթը (ավանդույթներից լավագույնը), ձևավորվել հասարակության այն սերուցքը, որի համար գիրք կարդալը կլինի ոչ թե նորաձևություն, այլ անհրաժեշտություն: Չմոռանանք, որ մենք գրքի հետ կապված մի ավելի խայտառակ «նորաձևություն» արդեն ապրել ենք խորհրդային` սոցիալապես ապահով տարիներին, երբ ոչ թե գիրք կարդալը, այլ գնելն էր նորաձև:
-Ընթերցանությունը գործընթաց լինել չի կարող. ո՛չ կարգախոսով պարտադրված հիմարավուն ճառագայթը, ո՛չ հորդորը և ո՛չ էլ գրքերից «կահույք» ձևակերպելը դեռ սերտողություն չեն, գրքերի իմաստնությունը խոնարհաբար խնդրել չեն: Գիրք կարդալը հոգևոր շնչառություն է յուրաքանչյուրի համար, գիրք կարդալ նշանակում է դեռ ապրել։

«ՈՎ ԸՆՏՐՎԻ, ՁԵՌՔԸ ՍԵՂՄԵԼՈՒ ԵՄ…»
-Ինքնին հասկանալի է, որ ՀԳՄ արտահերթ համագումարից առաջ, որը պիտի որոշի, թե ով է առաջիկա տարիներին նախագահելու միությունը, չեմ կարող չհարցնել, թե ինչ ծրագրով եք ներկայանում Ձեր գրչակից ընկերներին` իբրև նախագահի թեկնածու:
-Յուրաքանչյուր գրող, ստեղծագործող ինքնին ծրագիր է: Հեծանիվ հայտնաբերելու խնդիր չի կարող առաջադրվել: Միությունը նորաստեղծ մի կազմակերպություն չէ, որ «պոդիում» դուրս գաս և զարմացնես անակնկալ նորաձևությամբ: Կարևորը սեփական էությանը չդավաճանելն է, «նարցիսիզմով» չտառապելը:
-Ծրագիրը` ծրագիր: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում միջանձնային, մեղմ ասած, ոչ հարթ հարաբերությունները գրողների շարքերում առաջիկա տարիներին և առհասարակ:
-2001-2004 թթ. եղել եմ ՀԳՄ քարտուղար, չեմ խնայել ինձ ու բարձրաձայնել, չեմ դավաճանել պրոֆեսիոնալ գրականության հավատավորի սկզբունքներին, աշխատել եմ նվիրումով ու հստակ։ Այդ մասին ճիշտ կլինի, որ գրչընկերներս, համախոհներս խոսեն։
-Լուսահոգի Լևոն Անանյանը սիրում էր խոսել իր անկոտրում համառությունից: Այս գիծը անհրաժեշտ համարո՞ւմ եք ՀԳՄ նախագահի համար:
-Բնավորության ու կամքի էլի ուրիշ դրսևորումներ են անհրաժեշտ։
-Բավականաչափ հանդուրժե՞լ եք, որպեսզի ընտրության արդյունքում` թե՛ հաղթելու, թե՛ պարտվելու դեպքում, կարողանաք խուսափել մրցակիցների ու նրանց մերձավոր շրջապատի հետ հարաբերություններում կոնֆլիկտային իրավիճակներից:
-Ով ընտրվի, ձեռքը սեղմելու եմ։


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ